Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժողովուրդ ջան, միայն թե քի´չ լացեք

Ժողովուրդ ջան, միայն թե քի´չ լացեք
30.12.2013 | 13:30

Այս օրերին մայրաքաղաքում տաքսիներն ուղղակի վխտում են: Գործն էլ, պարզվում է, «ուժեղ է»: Տաքսու վարորդներից մեկի պատմելով, մի պատվեր կատարելուց հետո նույնիսկ չեն հասցնում օֆիս հասնել, ճանապարհին մեկ այլ «կլիենտ է՚ կանգնեցնում, և այսպես շարունակ:

Երեկ նստելով տաքսիներից մեկը և խցանումների մեջ կես ժամ նյարդայնանալուց հետո վարորդից հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս են կարողանում նման պայմաններում աշխատել, և արդյոք խցանումները չե՞ն խանգարում կատարել բոլոր պատվերները: «Քուր ջան, ի՞նչ պատվեր, պատկերացրու` չենք հասցնում օֆիս հասնել, ճամփի կեսից սենց ուրիշ կլիենտ ա բռնում: Շատ վախտ, օֆիսի հեռախոսներն անջատում քցում են մի կողմ, որ չզանգեն, զահլեքները չտանեն, պատվերով չենք էլ աշխատում»,- ոգևորված պատմեց երևանյան տաքսի ծառայության վարորդներից մեկը: Իմ ենթադրությանը, թե դա, անշուշտ, նոր տարվա հետ է կապված, որովհետև մարդիկ շտապում են, բեռնված են և այլն, նա ժխտեց. «Չէ՛, ինչ ես ասում, միշտ էլ էս վիճակն ա, մեր գործը հա էլ սենց ա, չենք բողոքում»: Ես ավելի զարմացա, քանի որ վերջին տարվա մեջ էլ մեր` լրագրողներիս զահլեն էր գնացել տաքսիստների լացուկոծից, ովքեր շարունակ դժգոհում էին, թե գործ չկա. «է՛հ, քուր ջան, սուտ են ասում, ոնց կարա գործ չլնի»,- շարունակեց նա:
Քանի գնում, ավելի եմ համոզվում, որ լացող ազգ ենք: Ստացվում է՝ տաքսու վարորդները լրիվ անտեղի՞ են լացուկոծ անում, բողոքում, թե գործն այնքան վատ է, որ «600 դրամանոց մարդ հազիվ են բռնում»: Այս անգամ էլ զրուցակիցս զարմացավ. «Ի՛նչ 600 դրամ, վաղուց 600 դրամանոց կլիենտ չկա, մինիմալն սկսվում ա 800-ից»:
Այն, որ մեր հասարակությունը սիրում է լաց լինել, համարյա ամեն օր ենք ականտես լինում (թեև չենք կարող ստույգ ասել, թե որ դեպքում է նրա լացը տեղին, որ դեպքում` անտեղի):
Անցնենք ամանորյա եռուզեռին: Թե ինչ է կատարվում խանութներում, հատկապես սուպերմարկետներում` ինքներդ եք տեսնում: Նման խայտառակ իրավիճակ տարվա մեջ մեկ անգամ է լինում` Նոր տարուն: Միմյանց հրմշտելով, վիրավորելով, ոտքի տակ ընկնելով` էս ի՛նչ առևտուր է անում էս ժողովուրդը: Բա խցանումները: Մարդկանց խցանումներից սարսափելի բան չկա: ՈՒ այս ամենը սեղան գցելու համար` հարևանից, բարեկամից ավելի ճոխ, ավելի առատ… Սուպերմարկետներում մրգի, բանջարեղենի ռեկորդային գներն էլ չեն հուսահատեցնում նրանց, ու միմյանց կոխկռտելով` ձեռքները երկարացնում են ամենալավին, ամենաթանկին…
Մի կողմից, անտեսելով այս բոլոր թերությունները՝ կարելի է նույնիսկ ուրախանալ, որ մարդիկ նման առևտրի հնարավորություն ունեն: Միայն թե քիչ լացեք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ